ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ի խաղաղապահ բոլոր ստորաբաժանումների տեղափոխումը Ղազախստան պետք է ավարտվի վաղը` հունվարի 7-ին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Աստիճանաբար, կարծում եմ, վաղը` օրվա ընթացքում մենք կավարտենք մեր մյուս խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը», - ասել է Զասը:
Նրա խոսքով` ռուսական երկու ստորաբաժանումներն արդեն իսկ Ղազախստանում են, 2-3 ժամից այնտեղ կլինեն նաև Բելառուսի խաղաղապահ ստորաբաժանումները։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։