ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան. Փաշինյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշումն ընդունել է` հիմք ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան երկրում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:
2022 թվականից Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին։ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել: