ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ և քննարկել Ղազախստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկրի ղեկավարը զրուցել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը։
Ժապարովը մտահոգություն է հայտնել հարևան երկրից ստացվող տեղեկությունների, մարդկային զոհերի, թալանի և ջարդերի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ:
Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը` ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: