ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ղրղզստանի արտգործնախարարությունը սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղզստանի ԱԳՆ հայտարարությանը։
«Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- նշած է հաղորդագրության մեջ։
Տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:
Ղրղզստանի ԱԳՆ–ն Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։