ՌԱԴԻՈ

Դեպքերը Ղազախստանում կարող են ունենալ բացահայտ կամ քողարկված թուրքական հենք. Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Sputnik
Թուրքիայում պետական մակարդակով իրականացվում է պանթյուրքիզմի քաղաքականություն, դրա տարբեր դրսևորումներ կարելի է հանդիպել ինչպես Թուրքիայի ղեկավարների ելույթներում, այնպես էլ տարբեր գերատեսչությունների քայլերում, և այդ ամենի թիրախում կան որոշակի երկրներ և տարածքներ, որոնց թվում Ղազախստանը բացառություն չէ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Վերջերս հայտնի սկանդալային քարտեզը, որը թուրք ազգայնականների լիդերը հրապարակավ նվիրեց նախագահ Էրդողանին, շատ հստակ ի ցույց է դնում թուրքական նկրտումների աշխարհագրությունը։ Կենտրոնական Ասիայի երկրները և մասնավորապես Ղազախստանը, բնականաբար, թուրքական թիրախում են»,– ասաց թուրքագետը։
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է օգնել Ղազախստանում սպառնալիքները չեզոքացնելու համար
Մելքոնյանի դիտարկմամբ`թուրքական քաղաքականությունն ունի երեք կարևոր ուղղություն. առաջին` խորացնել թյուրքական եղբայրության, նմանության, նույն մշակույթի թեզերը և սկսելով մեղմ քարոզից` այն վերածել ավելի ագրեսիվ պանթյուրքիստական երևույթների, երկրորդ` դանդաղ, բայց սիստեմատիկ ավելացնել հակառուսական տրամադրությունները, քանի որ պրոթուրքական տրամադրությունների աճն ուղիղ համեմատական է հակառուսական տրամադրությունների աճին, և երրորդ` թյուրքալեզու երկրներում բազմապատկել ֆինանսական, տնտեսական աջակցության քայլերը, ներգրավել երիտասարդությանը կրթական ծրագրերում, փափուկ ուժ դրսևորել տնտեսական ու կրթական քաղաքականության համադրմամբ։
Ղազախստանում անկարգությունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
«Այդ համադրությունը պետք է որոշակի իրավիճակներում նաև կոնկրետ դրսևորումներ ունենա` միտինգներ, պրոթյուրքական ակցիաներ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ղազախստանում և հավանաբար տեղի կունենա Կենտրոնական Ասիայի այլ հանրապետություններում, կարող է ունենալ բացահայտ կամ քողարկված թուրքական հենք։ Բավական է տեսնել կարգախոսները, հետևել տարբեր գործիչների, ցուցարարների հայտարարություններին, որոնցից հետևում է սողացող պանթյուրքիզմի աճը»,– ասաց թուրքագետը։
Մելքոնյանի կարծիքով` Ռուսաստանը շատ հստակ տեսնում է թուրքական սպառնալիքը նաև Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանը ֆիքսում է վտանգը և գործում է իր մեթոդներով, որոնք գուցե տարբերվում են արևմտյան փափուկ ուժի խաղի կանոններից, բայց հիմնական գաղափարն այն է, որ վճռական պահին հասցվում է շեշտակի հարված` չեզոքացնելով կամ վնասազերծելով վտանգը։
Հրապարակվել են Ալմաթիի անկարգությունների մասնակիցներին ձերբակալելու կադրերը
Խնդիրը դիտարկելով Թուրքիայի տեսնակյունից` Մելքոնյանն ընդգծեց, որ Անկարան ունի պլան մաքսիմում և պլան մինիմում։ Ըստ այդմ`Թուրքիան մտնում է կոնֆլիկտի մեջ, թեժացնում է հակամարտությունը `առավելագույն ձեռբերումների ակնկալիքով, սակայն պլան մինիմումը երբեմն կարողանում է ապահովել։ Թուրքագետի կարծիքով` այդ նույն սցենարով Ղազաստանում Անկարայի ամբողջական նպատակներն ի կատար չեն ածվի, բայց ղազախական հասարակության մեջ թուրքամետ զանգվածի շրջանում պրոթուրքական հայացքներն ավելի կամրապնդվեն, և Թուրքիան կմնա խաղի մեջ։
Մելքոնյանի գնահատմամբ` թուրքական պլան մինիմումի մոդելը կարող է տեղավորվել նաև այլ տարածաշրջաններում, ինչը վտանգ է և՛ այդ տարածքների, և՛ Ռուսաստանի համար։
Ինչո՞ւ Հայաստանը չի կարող չներքաշվել ղազախական իրադարձություններում. մասնագետների կարծիքը
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։