Լոռիում մի գյուղացի իր տունը, հողամասը, մառանը, անասնագոմն ու ավտոտնակը նվիրել է ՊԵԿ–ին

Լոռի. արխիվային լուսանկար
Ըստ կառավարության որոշման` քաղաքացին այդ տարածքը չի օգտագործում, իսկ այն գտնվում է ՊԵԿ–ի Գոգավանի մաքսային կետի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչն իր ունեցվածքը նվիրել է ՀՀ ՊԵԿ–ին։
Նվիրատվությունն ընդունելու մասին որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Բյուջեի մուտքերը գերակատարվել են 146 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ
Դրա համաձայն` 2021 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Աշոտի Անտոնյանը` հայտնելով, որ ցանկություն ունի իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Սարչապետ համայնք, գյուղ Ձորամուտ 2-րդ փողոց 23 հասցեում գտնվող գույքը (84.8 քմ բնակելի տունը, 9.1 քմ մառանը, 20.7 քմ անասնաշենքը, 8.8 քմ տնտեսական սենյակը, 19.4 քմ ավտոտնակը և 0.333 հա հողամասը) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
Ըստ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի` քաղաքացին այդ տարածքը չի օգտագործում, իսկ այն գտնվում է ՊԵԿ–ի Գոգավանի մաքսային կետին մոտ:
Պետք է սովորենք կյանքի այս ռեժիմին. կառավարությունը չի վերանայի Ամանորի մասին որոշումը
«Նշված տարածքը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ և հարակից հողամասերը, որոնք արդեն իսկ ամրացված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, կկազմեն մեկ ամբողջություն և ավելի արդյունավետ կդառնա սահմանային հսկողություն իրականացումը»,– ասված է քաղաքացուց նվիրատվությունն ընդունելու որոշման նախագծում։
Որոշման համաձայն` նոր տարածքը ևս ներառվելու է սահմանային հսկողության գոտում։