Զոհված զինվորն ապրում էր բազմազավակ ընտանիքում. Մովսեսի 2 եղբայրներն այս պահին բանակում են

Մովսես Թադևոսյանի ընտանիքը սոցիալապես անապահով է` նպաստառու։ Ծնողների հետ այս պահին միայն նրա անչափահաս եղբայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ամանորի օրը Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը բազմազավակ ընտանիքից էր (2 քույր, 4 եղբայր)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը։ Մովսեսն ինքը Սևանի բնակիչ էր։
Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։
Զոհված զինծառայողն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. մանրամասներ
«Մովսեսի եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսը` ժամկետային։ Երկու քույրերն ամուսնացած են, և այժմ ծնողների մոտ միայն նրանց անչափահաս եղբայրն է»,–ասաց Ղուկասյանը։
Մովսեսը ծառայության էր մեկնել նախորդ տարի` 2021-ի հուլիսի 29-ին, մինչ այդ սովորել է Սևանի բազմագործառույթային քոլեջում` էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում բաժնում։
Ղուկասյանը հայտնեց նաև, որ ընտանիքը սոցիալապես անապահով է` նպաստառու։ Աշխատակազմի ղեկավարը հավելեց` համայնքում Մովսեսին և նրա ընտանիքին շատ են հարգում, քանի որ տան բոլոր երեխաներն աչքի են ընկել իրենց օրինակելի վարքով։