ՀՀ ԱԱԾ-ն Արցախյան պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով 1 գործ է քննել

Մեղադրյալներից մեկը պատերազմի ընթացքում Հադրութ՝ առաջնագիծ է մեկնել ջոկատի հրամանատարի կարգավիճակով, այնտեղ տեղեկատվություն է հավաքել և փոխանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով միայն մեկ քրեական գործ է հետաքննել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։
«Քննչական վարչությունում 44-օրյա պատերազմի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է մեկ քրեական գործ», - ասված է հաղորդագրության մեջ:
Գործով երկու մեղադրյալ է անցնում, այն ուղարկվել է դատարան։ Դեռևս 2021 թվականի հունիսին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի օգտին պետական դավաճանության և լրտեսության դեպք է բացահայտել։
Բարձր «հայրենասիրական սոուսով» մատուցված դավաճանություն. Փաշինյանը գրառում է արել
Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ նախկինում «Անբասիր ծառայության համար» և «Մարտական գործողություններին մասնակցության համար» մեդալներով պարգևատրված նախկին զինվորականն իր ընկերոջ հետ մեկնել է Թուրքիա, որտեղ որոշակի վճարի դիմաց համապատասխան տվյալներ փոխանցելու առաջարկ է ստացել։
Նրանք լուսանկարել և տեսանկարահանել են ռազմական տեխնիկան, ռազմավարական օբյեկտները (ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, ռազմավարական բարձունքներ), պարզել ծառայողների թիվը, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՀՕՊ համակարգերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ պատերազմի ժամանակ։ Այս ամենը նրանք հատուկ հավելվածի միջոցով ուղարկել են թուրքական համարներին։
Արցախն ուրացողը դավաճան է. ընդդիմադիր պատգամավորները ելույթից հետո լքեցին ԱԺ դահլիճը
Բացի այդ, պատերազմի ընթացքում նրանցից մեկը ջոկատի հրամանատարի կարգավիճակով մեկնել է Հադրութ՝ մարտի դաշտ, որտեղ տեղեկություններ է հավաքել և մինչև հոկտեմբերի վերջ շարունակել է դրանք ուղարկել հակառակորդին ։
2021 թվականի դեկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ավարտել է պետական դավաճանության գործով նախաքննությունը։ Գերատեսչության հաղորդմամբ, նոյեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հետագայում դատարան հանձնելու նպատակով։ Դատաիրավական տեղեկատվության կայքում կարելի է գտնել այդ հաղորդագրություններին համապատասխանող մեկ քրեական գործ։ Այնտեղ նշված են նաև մեղադրյալների անունները՝ Գարուն Բաբայան և Գագիկ Հովհաննիսյան։ Գործը քննվում է Արմավիրի մարզի դատարանում։