«Հասարակական համերաշխությունը կվերականգնեմ». Ահարոն Խաչատրյանը դրսում երդվեց

Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդմնակալությունն անցավ ոչ թե համայնքապետարանում, այլ դրա առջև։ Տեղադրվեց ամբիոն, հնչեց հիմնը և Խաչատրյանը երդմամբ ստանձնեց համայնքապետի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Վարդենիսի համայնքապետարանի շենքի առջև` դրսում, տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:
Հարցն այն է, որ ոստիկանները թույլ չտվեցին ընդդիմադիրներին մուտք գործել շենք` ասելով, որ ՔՊ–ն դատարան է դիմել ու պահանջել ոչ իրավաչափ ճանաչել 2021-ի դեկտեմբերի 30-ին կայացած ավագանու նիստը, որի ժամանակ էլ ընտրվել է Խաչատրյանը։
Քանի որ ոստիկանները չթույլատրեցին համայնքապետարան մտնել, դրսում ամբիոն տեղադրեցին և Խաչատրյանը երդմամբ ստանձնեց իր պարտականությունները։

«Ինչպես ընտրության, այնպես էլ երդմնակալության արարողության ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ։ Սակայն, ինչպես տեսնում եք, մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները` չընկրկելով ոչ մի դժվարության առաջ։ Վստահեցնում եմ, որ ավելի մեծ նվիրումով էլ կյանքի ենք կոչելու մեր ծրագրերը, ոչ մի դժվարության առաջ կանգ չենք առնելու։ Այս պահից սկսած` ձեր բոլոր խնդիրները ես համարում եմ իմը»,–ասաց Ահարոն Խաչատրյանը։

Նա խոստացավ նաև վերականգնել հասարակական համերաշխությունը։ Դրանից հետո ավագանու անդրանիկ նիստը համարվեց փակված և ավագանու անդամները շարժվեցին դեպի շտաբ։
«ՔՊ–ն քաղաքացիական պատերազմ է սկսել վարդենիսցիների դեմ». համայնքապետի երդմնակալություն է
Հայտնել էինք, որ 2021թ.–ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ առաջարկել է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: