«Եռանկյունին», Սոսն ու ջութակի պատյանը. Աճեմյանի թատրոնի դերասանների նվերը կինոյի լեգենդին

Ջութակի պատյան
Sputnik Արմենիան իր նախագծի շրջանակում շարունակում է պատմել հայ մեծերի ստացած և տված նվերների մասին։ Տարիներ առաջ դերասան Սոս Սարգսյանը մի նվեր է ստացել, որ մահից մի քանի օր առաջ փոխանցել է թանգարանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Մեծ դերասան, հայ կինոյի լեգենդ Սոս Սարգսյանը տարիներ առաջ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններից նվեր է ստացել «Եռանկյունի» ֆիլմի ռեկվիզիտներից մեկը` ջութակի պատյանը։ Պատմությունը քչերին է հայտնի, և Sputnik Արմենիան ներկայացնում է այն։
Աճեմյանի անվան թատրոնի դերասանները ջութակի պատյանը նվիրում են Սոս Սարգսյանին
Սոս Սարգսյանն այդ նվերը ստացել է իր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, իսկ իր մահից 20 օր առաջ իր հերթին նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։
Կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանը պատմում է, որ իրենց բաժինը Սոս Սարգսյանի հարուստ արխիվային նյութերով է համալրվել 2013 թվականին։
Կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյան
«Այդ օրը ես նրանց տանն էի, ու Սոս Սարգսյանն ասաց, որ ինքը գիտակցում է, թե ում է տալիս իր նյութերը` նամակներ, ալբոմներ, լուսանկարներ, գրքեր, իրեն տված նվերներ և այլն։ Դրանցից մեկը «Եռանկյունի» ֆիլմի ռեկվիզիտներից է` ջութակի պատյանը։ Պատյանի վրա մակագրություն կա` «Մկոներից վարպետին. Աճեմյանցիներից»»,– նշեց Ասլանյանը` ավելացնելով, որ ջութակի պատյանում աքցան և մուրճ է դրված։
Ջութակի պատյանը, որը Սոս Սարգսյանը նվիրել է թանգարանին
Դերասանները հենց «Եռանկյունու» ռեկվիզիտն են որոշել նվիրել Սոս Սարգսյանին, քանի որ այդ ֆիլմը, ինչպես ինքն էր ասում իր հարցազրույցներում, կարիերայի ընթացքում դարձել է ստեղծագործական բանալի։ Սոսը մշտապես հայտարարել է` «Եռանկյունու» շնորհիվ է սկսել սիրել կինոարվեստը և զգալ կինոն։
Ֆիլմում ջութակն ու պատյանը պատկանում էին 13-ամյա Հովհաննեսին, որը ներկայացնում է Լենինականում (Գյումրի) ապրող 5 դարբնի ընկերության պատմությունը: Պատանին երաժշտական դպրոց է հաճախում, ջութակի դասերի մասնակցում։ Դրվագներից մեկում դարբնոց մտնելիս Մկրտիչները նրան նվերներով են դիմավորում, որպեսզի վերջինս ջութակ նվագի։ Հովհաննեսն էլ դեռ լավ չէր նվագում, սակայն դարբինները նրան փորձում են խրախուսել, անցնում են այլ թեմայի, ապա սկսում երգել։
Եռանկյունին էլ դարբնոց էր, որտեղ աշխատում էին 5 Մկրտիչները։ Սոս Սարգսյանն այդ ֆիլում կատարել է վարպետ Մկրտչի դերը։
Հայ մեծ դերասան Սոս Սարգսյանի 10 արտահայտությունները
«Նվեր Երևանին» խորագրով ցուցահանդեսի այս մի մասնիկի` ջութակի պատյանի նվերի պատմությունից շատ բան մեզ չի հասել, սակայն սա ժառանգություն է, որը թանգարանին է նվիրել Սոս Սարգսյանի կինը։
Հայտնի մարդկանց ստացած և տված նվերները ներկայացված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր սթրիթում», ցուցադրությունն էլ նվիրված է Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյակին։
Մի նվերի պատմություն կամ ինչո՞ւ է Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին թաքուն կարպետ ուղարկել