1988-ի ազգային ինքնագիտակցության վերելքը ցավոք սրտի ուղեկցվեց հայկական հերթական կոտորածներով, ինչի արդյունքում սկսվեց ղարաբաղյան շարժումը և 1994–ին արձանագրվեց հաղթական զինադադարը։ Մենք վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը` ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելով նոր մակարդակի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը։
«Այդ վերելքի արմատները գնում են դեպի 1960-ական թվականները, երբ առաջին պլան մղվեցին ազգային ինքնության, առհասարակ՝ հայապահպանության խնդիրները։ Հետագա տարիներին անհրաժեշտ էր շարունակաբար ապրել այդ ինքնագիտակցությամբ և խթանել վերելքը, բայց, ցավոք, ունեցանք բացթողումներ, չափազանց լուրջ թերացումներ մեր գոյապայքարն ու կայացումը շարունակելու գործում»,- ասաց դերասանը։
Նրա դիտարկմամբ` երբ պատմության ընթացքում մենք պետականություն չենք ունեցել, մեր ազգային տեսակը պահել ենք մշակութային գիտակցությամբ և լեզվի շնորհիվ, որովհետև հայ ժողովուրդը միշտ առաջ է մղել կրթությունն ու գիտությունը, կարևոր տեղ է հատկացրել հատկապես ազգանպաստ Հայ Առաքելական եկեղեցուն` համախմբվելով նրա շուրջը։ Հակոբյանի գնահատմամբ` մենք երբեք այսքան հայեցի չենք եղել, որքան անկախությունից հետո, բայց այսօր նաև չափից դուրս հանդուրժող ենք անընդունելի, մերժելի երևույթների նկատմամբ։
«Թվում է, թե թատրոնի համար սիրտ չի մնացել, բայց, բարեբախտաբար, այդպես չէ։ Մեր թատրոններում բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, երիտասարդությունը կապվում է թատրոնի հետ։ Թատերագետներից մեկի բնորոշմամբ` բարության, հույսի, լավատեսության, կարողության, ապրելու ուժի մի ճառագայթ է բխում Համազգային թատրոնի վերջին շրջանի ներկայացումներից»,– ասաց դերասանը։
Հակոբյանի կարծիքով`պատերազմում պարտվածի հոգենաբությունը հաղթահարելը շատ դժվար է, ինչպես նաև դժվար է այդ գիտակցությունից դուրս գալը, բայց նման պարտություններ մեր բազմադարյա պատմության ընթացքում շատ ենք ունեցել, եղել են ավելի ողբերգական դարաշրջաններ, հետևաբար պետք է իմաստնություն ունենանք, կրկին հզորանանք, որակապես բարձրացնենք մեր կրթական ցենզը և հավատով նայենք ապագային։