ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի արևելքում տեղացած ուժեղ ձյունը հանգեցրել է նրան, որ Վաշինգտոնում ավելի քան 230 հազար տուն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրականության։ Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Նշվում է, որ փոթորկի պատճառով ժամանակավոր փակվել են դպրոցները և համալսարանները, Վաշինգտոնում չեղարկվել է մի քանի հազար ավիաչվերթ։
Բացի այդ, կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտի, ինչպես նաև գրեթե բոլոր դաշնային կառավարական հաստատությունների աշխատանքը, բացառությամբ արտակարգ ծառայությունների:
Ձյունը Վաշինգտոնի համար առաջինն էր այս ձմռան ընթացքում։ Հետևանքները զգացվում են նաև Վիրջինիայի, Մերիլենդի, Նյու Ջերսիի և Հյուսիսային Կարոլինայի նահանգներում:
Տվյալներ են ստացվում այն մասին, որ տարերքի պատճառով արդեն զոհեր կան։
Ամերիկյան մայրաքաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են անում չլքել տները՝ ակնկալելով, որ վատ եղանակը կարող է վթարային իրավիճակներ ստեղծել ճանապարհներին: