2-ամյա Տիգրանը հրել է 1250 կգ-անոց մեքենան ու գրանցվել «Դյուցազնագրքում»

Տիգրանն իր ընտանիքի առաջին դյուցազունը չէ. նրա ավագ եղբայրը նույնպես գրանցված է «Դյուցազնագրքում»։
Sputnik
Գյումրեցի 2-ամյա Տիգրան Սարգսյանը նոր ռեկորդ է սահմանել ու գրանցվել «Դյուցազնագրքում»։ Փոքրիկ տղան կարողացել է 25 մետր հրել հայրիկի Opel Astra մակնիշի մեքենան, որի կշիռը 1250 կիլոգրամ է։
Տղայի տատիկի ՝ Մարինա Սարգսյանի խոսքով՝ ավելի վաղ Տիգրանին հաջողվել էր նույն մեքենան հրել 15 մետր։
«Տիգրանը գերազանցեց իր ռեկորդը` հրելով 25 մետր։ Նա տանը մարզվում է, ութ կիլոգրամանոց ծանրաձող է վերցնում (երեխայի սեփական քաշը 10 կգ է) ու ման գալիս »,- ասում է տատիկը։
Տիգրանն իր ընտանիքի առաջին դյուցազունը չէ. նրա ավագ եղբայրը՝ 8-ամյա Դավիթը, ռեկորդակիր է դարձել 4 տարեկանում։ Նա նույնպես մեքենա է հրել ու գրանցվել «Դյուցազնագրքում »։
Ֆենոմենալ հիշողություն և հայկական գեն. 3–ամյա Սամվելի անունը գրվել է «Դյուցազնագրքում»
7 տարեկանում Դավիթին հաջողվել է իրար շղթայված մի քանի մեքենաները հրել 30 մետր։
Տատիկի խոսքով՝ Տիգրանը տեսնելով եղբոր մարզումները, ցանկացել է նույնը կրկնել, չնայած ընտանիքը դեմ է եղել, բայց Տիգրանն իր ուզածին հասել է։
Հունվարին Տիգրանը կդառնա 3 տարեկան։ Տղայի հայրը հույս ունի, որ ապագայում որդին իրեն լավ կդրսևորի սպորտում և կհասնի բարձունքների։