Սպանության փորձ Վեդիում. պայթեցրել են քաղաքացու ավտոմեքենան

Արխիվային լուսանկար
Վեդիի մի բնակիչ մեքենայի տակից տարօրինակ ձայներ է լսել, այնտեղ մալուխ հայտնաբերել։ Կարճ ժամանակ անց մեքենան պայթել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վեդիի բնակիչներից մեկի դեմ սպանության փորձ է կատարվել, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին։
Վեդիի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել բաժին՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Վեդիի Կասյան փողոցում գտնվող շենքի բակում կայանված իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով 3-4 մետր հետընթաց կատարելուց հետո մեքենայի տակի հատվածից լսել է կասկածելի ձայներ։ Դրանից հետո արագ իջել է և տեսնելով, որ մեքենայի տակ մալուխ է կախված, անմիջապես մտել է շքամուտք։ Դրանից հետո լսել է ավտոմեքենայի պայթյունի ձայնը:
Ուժեղացված ծառայություն` Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող
Պարզվել է պայթյունի հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական վնասի չափը, վերջինս ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Մինչև Արտաշատի խճուղի հետապնդել է և 2 կրակոց արձակել․ սպանության փորձի մանրամասները
Հավելենք, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):