Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սևան Նիշանյանին

Սևան Նիշանյան
Դեռևս չկա որոշում, թե Սևան Նիշանյանին Հունաստանից ուր են արտաքսելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այսօր` հունվարի 3–ին, այցելել է պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել
Հայտնել էինք, որ Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին։ Նիշանյանին արտաքսելու որոշում է կայացվելու:

«Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզու ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ծանոթացել պայմաններին»,–նշված է դեսպանության գրառման մեջ։

Հիշեցնենք, որ պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը, որը Թուրքիայում 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:
Sputnik Արմենիան անդրադարձել էր Նիշանյանին` գրելով, որ նա այլախոհի համբավ ունի, մարդ, որը կարողանում է ամենաբարդ իրավիճակներում և ամենասուր խնդիրների վերաբերյալ ճշմարտությունն ասել։ Նրա համարձակությունը Թուրքիայում շատերին, հատկապես ղեկավարներին, դուր չէր գալիս։ Գիտնականին բազմիցս կալանավորել են ու բանտ նետել։ Նրա դեմ հարուցվել է 17 քրեական գործ, որոնք ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեին։