ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Թունդ թեյը չարաշահելու դեպքում այն կարող է օրգանիզմի համար բացասական հետևանքների հանգեցնել, հայտնում է չինական Sina լրատվական պորտալը։ Մասնավորապես, կանոնավոր կերպով թունդ թեյ օգտագործելը չափից շատ է խթանում մարսողությունն ու կարող է վնասել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը։
Հրապարակման մեջ նշվում է, որ այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմը կոֆեին չի ընդունում, թունդ թեյը կարող է անքնության պատճառ դառնալ։ Կենսաբանական ժամացույցի խախտումը, իր հերթին, ժամանակի ընթացքում կհանգեցնի նյարդաթուլության և կազդի աշխատանքի արդյունավետության և ընդհանուր առմամբ՝ կյանքի որակի վրա։
Հոդվածի հեղինակը նշում է, որ թեյը որոշակի քանակության աղաղանյութ (բարձրմոլեկուլային ֆենոլային միացություններ-խմբ.) է պարունակում (կանաչ թեյի մեջ շուրջ 10%), որը սահմանափակում է երկաթի յուրացումը սննդի հետ։ Արդյունքում, երկաթի դեֆիցիտի դեպքում կարող են անեմիայի ախտանշաններ ի հայտ գալ։
Թունդ թեյի սիրահարների ատամների վրա ժամանակի ընթացքում դեղնաշագանակագույն փառ է առաջանում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ թեյի տերևները ֆտոր են պարունակում։ Առանձնակի ծանր դեպքերում դա կարող է կարիեսի պատճառ դառնալ։
Հոդվածում նշվում է թրմելու օպտիմալ համաչափությունը։ Թեյ/ջուր հարաբերակցությունը կանաչ, կարմիր և դեղին թեյի համար պետք է 1:50–ի լինի, իսկ ուլուն թեյի (կիսաֆերմենտավորված «փիրուզագույն») և սև թեյի համար հարաբերակցությունը պետք է լինի մոտ 1:30–ի։
Հրապարակման մեջ խորհուրդ է տրվում նաև թեյ չխմել սոված փորին, ուտելուց առաջ և անմիջապես ուտելուց հետո, ինչպես նաև թեյ չխմել գիշերը քնելուց առաջ։