ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ուկրաինական բանակը կրակային դիրքեր է կահավորում Դոնբասի շփման գծի մոտ գտնվող Վալույսկոյե գյուղի դպրոցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոյին։
«Դեկտեմբերի 27-ին ուկրաինացի ազգայնականները գրավել են այդ բնակավայրը, և նախորդ 24 ժամվա ընթացքում ավանային դպրոցում շարունակվել է ազգայնականների մարտավարական ստորաբաժանման շտաբի տեղակայումն ու դասարաններում կրակային դիրքերի կահավորումը»,- ասել է նա։
Գերատեսչության ներկայացուցչի տվյալներով՝ շենքի մոտ զինված մարդկանց, հրետանային հետախուզության սարքավորումների, դիտարկման և թիրախավորման, ինչպես նաև ռադիոկայանների մասնակցությամբ բազմաթիվ մեքենաներ են արձանագրել։
«Ուկրաինայի հրետանու մարտական ստորաբաժանման շտաբի և կրակի կառավարման դաշտային կետի տեղակայման համար Վալույսկոյե գյուղում հանրակրթական դպրոցի շենքի օգտագործումը հրադադարի մասին համաձայնագրի կոպտագույն խախտում է և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում»,-եզրափակել է Ֆիլիպոնենկոն։
Դոնբասում 2020 թվականի ամռանից հրադադարի ապահովման լրացուցիչ միջոցներ են գործում, արգելվում է կրակ վարել, սպառազինություն տեղակայել բնակավայրերում և դրանց մերձակայքում, հարձակողական և հետախուզական-դիվերսիոն գործողություններ իրականացնել: Արգելվում է նաև դիրքեր կահավորել և անօդաչու թռչող սարքեր օգտագործել շփման գծի մերձակայքում: