Երևանի ու Բաքվի միջև հաղորդակցության բացման միասնական փաթեթը լրամշակվում է. Ռուդենկո

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ուզում եմ նշել, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորագույն ուղղություններից մեկն է։ Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական կոնկրետ օգուտ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այդ գործընթացի անմիջական մասնակիցն է»,- շեշտել է նա։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Նրա խոսքով ՝ այդ մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է տարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար: «Այժմ միասնական փաթեթը լրամշակվում է։ Այդ մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը», - ընդգծել է Ռուդենկոն ։
Նա նշել է, որ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալները դրվել են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածություններով: Մենք կենտրոնացել ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման արագ ավարտի և կոնկրետ նախագծերի գործարկման վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Հայաստան–Նախիջևան–Իրան երկաթուղին կարող է վերականգնվել 1 տարվա ընթացքում. Սանոսյան
Հիշեցնենք` Երևանն ու Բաքուն պայմանավորվել են վերականգնվել Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթգծի աշխատանքը։ Դեռևս Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունն ամրապնդվել էր Բրյուսելում։ Դա հաստատել էին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը։
ՀՀ վարչապետի խոսքով` երկաթգիծը գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Արդյունքում Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը` Նախիջևան։ Բացի այդ, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման մասին, ապա կգործի նաև Գյումրի–Կարս երկաթգիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Երասխ–Հորադիզ երկաթգիծը կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում պահանջել։