ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Պոլսում (Ստամբուլ) լույս տեսնող հայկական ամենահին գործող թերթը՝ «Ժամանակը», հայտնվել է փակման վտանգի առաջ։ Այս մասին հոդված է հրապարակել իսպանական Periodistas en Espanol կայքը` հղում անելով հաղորդագրությանը, որ հրապարակել է հենց թերթը։ 2022 թվականին կլրանա թերթի 114–ամյակը, սակայն այս տարեդարձը կարող է լինել վերջինը, որովհետև թերթը կարող է փակվել միջոցների սղության պատճառով։
«Ժամանակ» թերթը հիմնադրվել է 1909 թվականին և շարունակում է մնալ հայերեն լեզվով գործող ամենահին հրատարակությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում գործող ամենահին թերթը։
Վերջին տարիներին թերթի եկամուտները կտրուկ նվազել են, և թեև մեկ տարի առաջ հայտարարված դրամահավաքի կոչին արձագանքել են աշխարհասփյուռ հայերը, սակայն միջոցները դեռևս բավարար չեն: Պոլսի հայ համայնքի ղեկավարները որևէ կերպ չեն արձագանքել այս կոչերին։ Ըստ պարբերականի` այդ անտարբերությունն առաջին հայացքից անտրամաբանական ու անհասկանալի է թվում, բայց իրականում զարմանալի կամ անակնկալ չէ։ Սա գալիս է վերահաստատելու, թե որքան մեծ անջրպետ է առաջացել համայնքի հոգեւորական և աշխարհական առաջնորդների ու ինքնության պահպանման համար խոհականությամբ տոգորված «շարքային» անհատների, պարզ ու սովորական, պատվական մարդկանց միջև։ Այս պայմաններում անտեսված է միասնականությունը պահելու հրամայականը։
«Ավելորդ է հիշեցնել, որ վերջերս Թուրքիայի հայերը բախվեցին ամենալուրջ դժվարությունների, որոնք միայն մասամբ են հաղթահարվել։ Միևնույն ժամանակ, հենց համայնքի ներսում դա թշնամանքի և ճամբարների բաժանման տեղիք տվեց, որոնցից յուրաքանչյուրը մյուսի դեմ պայքարում չի անտեսում որևէ մեղադրանք և զրպարտություն։ «Ժամանակը» անընդհատ ձգտում էր հիշեցնել միասնության մասին, ինչը մեզ դարձրեց այս բոլոր խմբերի ընդհանուր թշնամին։ Դա տեղի է ունենում, երբ մարդիկ մոռանում են իրենց ժառանգության և լեզվի մասին»,–գրում է թերթը։
Մասնավորապես, «Ժամանակը» մշտապես անդրադարձել է Ստամբուլի հայկական համայնքային դպրոցներին, որոնց կառավարումը կտրուկ վատթարացել է։
Համոզվելով, որ անհնար է կաշառել «անհարմար» թերթին` համայնքի ազդեցիկ մարդիկ աստիճանաբար դադարեցրել են այնտեղ գովազդներ և հայտարարություններ տեղադրել պարբերականի եկամուտը նվազեցնելու համար։
«Ժամանակ» թերթը պնդում է, որ շարունակելու է գոյության պայքարը և աջակցության խնդրանքով կրկին դիմում է իր ընթերցողներին ու համախոհներին, ինչը կօգնի հաղթահարել ժամանակավոր դժվարությունները և շարունակել երկարաժամկետ զարգացումը։