ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Երևանում 54 տարեկան հասակում այսօր մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ Հայրապետովը մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։
Հիշեցնենք` Գրիգորի Հայրապետովը 1991թ–ից մինչև 2018թ-ը եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
2006 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Գրիգորի Ալբերտի Հայրապետովը ծնվել է 1967թ.–ի մարտի 18–ին։