ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մորը՝ 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին սպանելու մեջ մեղադրվողը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել էր, որ 63-ամյա կնոջը սպանել էր Երևանի 50-ամյա բնակիչ՝ Գևորգ Մ.-ն։ Նա ձերբակալվել էր, խոստովանել կատարած հանցագործությունը։ Մի քանի օր անց Գևորգ Մ-ն կալանավորվել է։
Դեպքի մասին հայտնի է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12։30-ի սահմաններում գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Գյումրիի Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ։ Այդտեղ տղամարդը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է կնոջ պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով։
Հավելենք, որ Անահիտ Իսկանդարյանը 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրն է։