Ճապոնիան 2023 թվականին կարող է փայտից առաջին արբանյակը գործարկել․ ԶԼՄ

Մշակողները պատրաստվում են փորձարկել բնափայտի ամրությունը տիեզերքում, ենթադրաբար՝ փետրվարից սկսած:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik․ Ճապոնիան կարող է 2023 թվականին տիեզերք արձակել աշխարհի առաջին արբանյակը, որի մի մասը փայտից կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նման ծրագիր է մշակում Կիոտոյի համալսարանի ու Sumitomo Forestry Co ընկերության մասնագետների թիմը: Մշակողներն ընտրել են փայտը, քանի որ կարծում են, որ այդ նյութը «ավելի քիչ է ծանրաբեռնում շրջակա միջավայրը, քան մյուս նյութերը»։
Արբանյակը 10 սանտիմետրանոց կողմերով գլան է լինելու։ Դրա արտաքին կողմը բաղկացած կլինի փայտից ու արևային վահանակներից․ արբանյակի ներսում կարող է ալեհավաք լինել։
Ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին. հայկական ծրագիրը կօգնի տիեզերքին նորովի նայել
Գործակալությունը նշում է, որ նման «փայտե» արբանյակն ավելի էժան է լինելու, քան ալյումինից պատրաստվածը: Փայտե վահանակը պետք է այրվի, երբ արբանյակը վերադարձի ճանապարհին երկրի մթնոլորտ հասնի։
Թիմը, որը գլխավորում է ճապոնացի տիեզերագնաց Տակաո Դոյը, ապարատին կցել է տարբեր խտության մի քանի փայտե թիթեղներ։ Դրանք բաց տիեզերքում կմնան 9 ամիս, որից հետո մասնագետները կգնահատեն նյութի մաշվածության աստիճանը: Տիեզերագնացի խոսքով՝ եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, ապա «նույնիսկ երեխաները, որոնք հետաքրքրվում են տիեզերքով, կկարողանան արբանյակ ստեղծել»: