ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկություններն ուղղված են պայմանավորվածությունների նոր համակարգի ստեղծմանը և իրավաբանական ձևակերպմանը, որը հիմնված է ռազմական գերազանցության հասնելու փորձերից հրաժարվելու սկզբունքի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների մասին ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը «փաթեթային» բնույթ են կրում, կոչված են երաշխավորված կերպով բացառել ՆԱՏՕ-ի հետագա ցանկացած առաջխաղացում դեպի Արևելք և ՌԴ–ին սպառնացող սպառազինությունների տեղակայում ռուսական սահմանների մոտ, հատկապես՝ Ուկրաինայում։ Լավրովը նաև շեշտել է, որ դրանցում կան նաև բազմաթիվ այլ տարրեր, որոնք արդյունքում պետք է ձևավորեն անվտանգության ամենահուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքները:
«Մեր առաջարկներն ուղղված են պայմանավորվածությունների նոր համակարգի ստեղծմանը և իրավաբանական ձևակերպմանը, որը հիմնված է 1990-ական թվականներին Եվրաատլանտյան դաշինքի բոլոր պետությունների ղեկավարների կողմից միաձայն հավանության արժանացած անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա և հրաժարվում է ռազմական գերազանցության հասնելու փորձերից»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը հատուկ նշել է անվտանգության` իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների անհրաժեշտությունը, քանի որ արևմտյան գործընկերները պարբերաբար չեն կատարում քաղաքական պարտավորությունները, ինչպես նաև այն բանավոր հավաստիացումների և խոստումների մասին, որոնք տրվել են խորհրդային և ռուսական ղեկավարությանը:
Ռուսաստանը դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծերը, որոնցում, մասնավորապես, ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու դրույթները, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին պետությունների հաշվին: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ արձագանքի բացակայության դեպքում հնարավոր է առճակատման նոր փուլ։