ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Զվարճալի դրվագ է տեղի ունեցել բլից շախմատի՝ Լեհաստանի մայրաքաղաքում անցկացվող աշխարհի առաջնության պարտիաներից մեկի ժամանակ։
Լեհ շախմատիստներից մեկը՝ Պավել Տեկլաֆը, հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի դեմ խաղում չի կարողացել զսպել զգացմունքները և ընկել է աթոռից։
Ընկնելու տեսագրությունը տարածվել է համացանցում։ ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում Տեկլաֆին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում անսպասելի հայտնիությանը։
«Հուսով եմ՝ եթե նրանք տեղադրել են այդ տեսանյութը, ուրեմն ինձ դոնաթներից (ինտերնետ-նվիրատվություն) ինչ-որ տոկոս է հասնում»,-կատակել է շախմատիստը։
Վարշավայում ավարտված բլից շախմատի աշխարհի առաջնությունում հաղթել է ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Լևոն Արոնյանը, որը երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վերջնարդյունքում գրավել է 5-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցուցադրել է 12-րդ տեղը զբաղեցրած Հայկ Մարտիրոսյանը։