ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Պետպատվերի խնդիրների լուծումը առողջապահության համընդհանուր ապահովագրմանն անցնելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում, որպեսզի պետպատվերի ծավալների սպառման հետ կապված իրավիճակը հարթվի։
Դեռ սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ` Հայաստանում պետպատվերի ծավալների սպառման հետևանքով հաշմանդամություն ունեցող երեխաները զրկվել են վերականգնողական բուժումից։ Ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` մասնավորապես նշելով, որ զինհաշմանդամություն ունեցող անձը տարել է կաթված, տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրա բուժսպասարկումը հրաժարվել են իրականացնել պետպատվերի շրջանակներում՝ պատճառաբանելով, որ գումարը սպառվել է։
«Պետպատվերի վերաբերյալ խնդիրների լուծումը կլինի համընդհանուր ապահովագրման ներդնումը, որի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում։ Լավատեսական գնահատականներով` 2024-25 թվականներին կներդրվի այն»,–ասաց Սիմոնյանը։
Նա նշեց նաև, որ զինծառայողների` պետպատվերով իրականացվող բուժօգնությունը հանրային օֆերտայով (առաջարկով) է իրականացվում և բյուջեի սահմանափակում չկա։ Փոխնախարարը շեշտեց` չի կարող ֆինանսների բացակայության պատճառով զինծառայողի բուժօգնությունը հետաձգվի կամ բարդանա։
Այս և առաջիկայում կառուցվելիք բուժհաստատությունների, դրանց վերազինման, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումների, նոր պատվաստանյութերի ձեռքբերման մասին` դիտեք տեսանյութում։