ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը մտադիր չէ Ուկրաինայի տարածքում հարվածային հարձակողական զենք տեղակայել, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեջբերելով Պուտինի հետ զրույցի ընթացքում Ջո Բայդենի ասած խոսքերը, փոխանցում է НТВ–ն։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Բայդենը պայմանավորվել են, որ անվտանգության երաշխիքները քննարկելու են Ժնևում հունվարի 10-ին կայանալիք ռուս–ամերիկյան բանակցությունների (դրանք կանցկացվեն նախագահների անձնական վերահսկողության ներքո) ընթացքում, հունվարի 12-ին կկայանա ՌԴ–ՆԱՏՕ նիստը, հունվարի 13-ին` ԵԱՀԿ համանախագահների հանդիպումը։
«Դա ուղղակի նախաամանորյա զրույց, տոնական շփում չի եղել։ Նոր տարուց ուղիղ մեկ օր առաջ կարևոր քաղաքական գործողություն է տեղի ունեցել, որում իրենց դերն են ունեցել մեր և Ամերիկայի նախագահները», – ասել է Ուշակովը։
Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայիս բարդ իրավիճակում այնպես կդրսևորի իրեն, ինչպես կդրսևորեր ԱՄՆ-ն, եթե հարձակողական սպառազինությունը տեղակայվեր Ամերիկայի սահմանների մոտ։
ԱՄՆ առաջնորդի դիրքորոշման մասին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները. Բայդենը իրադարձությունների զարգացման երկու սցենար է տեսնում։ Առաջին ճանապարհը` դիվանագիտականը, իրավիճակի դեէսկալացիան է, երկրորդը` «զսպման ճանապարհն է, որը լուրջ ծախսեր և հետևանքներ է ենթադրում, եթե Ռուսաստանն Ուկրաինա ներխուժի»։
Ուշակովի խոսքով` Պուտինը նախազգուշացրել է, որ եթե Արևմուտքը որոշի պատժամիջոցներ կիրառել, այդ ամենը կարող է հարաբերությունների խզման հանգեցնել. լուրջ վնաս կհասցվի հարաբերություններին։
Խոսելով Ուկրաինայի մասին` ԱՄՆ նախագահը կարևոր բան է ասել, ինչն արդեն նշված էր Ռուսաստանի կողմից փոխանցված անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերում։
«Նախագահ Բայդենը հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ հարվածային հարձակողական զենք տեղակայել Ուկրաինայում։ Մեր նախագահը նկատել էր, որ դա առանցքային պահերից մեկն է, որ զետեղված է ամերիկացիներին փոխանցված մեր փաստաթղթերում, որոնցով ուզում ենք շարունակել բանակցություններ վարել հետագայում»,- ասել է Ուշակովը։
Ըստ նրա` ռուսական կողմը կայացած զրույցից գոհ է, զրույցն անկեղծ ու բովանդակալից էր, բայց Ռուսաստանը արդյունքի է սպասում։
Հունվարի 10-ին կմեկնարկեն ռազմավարական անվտանգության հարցերին և Ուկրաինայում տիրող իրավիճակին նվիրված՝ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները։