Պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որ 2022-ը դառնա վերելքի ու վերածննդի տարի. Փաշինյան

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 2021թ-ին ու դրանից առաջ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց կառավարության անդամներին շնորհակալություն հայտնելով տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար։
«2021թ-ը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, և մեզանից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջիրավիճակը կարողանանք պահել կառավարելի։ Այո՛, ցավոք, 2021-ի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, ու , բնականաբար, չէինք ցանկանա, որ այդպիսի օրակարգ ունենայինք, բայց այդպիսին էր իրավիճակը։ Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք անցնցում հաղթահարել 2021թ-ը»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով արտաքինից եկող խնդիրներին` վարչապետը հիշեցրեց, որ 2021թ-ի մայիսից Սյունիքի մարզի Սոթք - Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈւ ներխուժման փաստը և որպես դրա հետևանք նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը։
«Սա էլ ավելի է ընդգծում անվտանգային միջավայրում ՀՀ ունեցած խնդիրները»,– ասաց Փաշինյանը` գործադրի անդամներին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել 2021թ-ին ու դրանից առաջ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։
Խոսելով 2022թ–ի մասին` Փաշինյանն ընդգծեց, որ պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որպեսզի այն դառնա վերելքի ու վերածննդի տարի։
Նախկին նախարարի համար Փաշինյանի ասածն անհեթեթ է. ինչքա՞ն է ծառայողական հին մեքենայի ծախսը
«Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգն ու հետևանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու, և մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ իրավիճակն ու փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ արտաքին միջավայրում ոչ բոլոր որոշումների ընդունումն է կախված միայն ՀՀ իշխանությունից։ Նրա խոսքով, ամենակարևորն այն է, որ ՀՀ իշխանությունը կարողանա բոլոր այն սուբյեկտների հետ, որոնցից կախված է նաև այդ որոշումների ընդունումը, հասունացնել մի այնպիսի գործընթաց, որի արդյունքում կիրագործվի Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը։