ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2021թ–ին Հայաստանում գրանցված գնաճը գերազանցել է ՀՀ կառավարության կանխատեսումները։ Այս մասին այսօր կառավարության այս տարվա վերջին նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` գնաճի բարձր մակարդակը բացատրելով կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի հետևանքներով։
«Քանի որ 2020թ-ին արտադրական ձեռնարկությունները ամիսներով չեն աշխատել, արտադրանքի կրճատում է տեղի ունեցել, և երբ որ պահանջարկը վերականգնվել է, այն ավելին է եղել, քան առաջարկը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, համաշխարհային տնտեսությանը պատուհասած այս նույն խնդրի հետ բախվել է նաև Հայաստանը։ Կառավարության ղեկավարը դա ներկայացրեց կոնկրետ օրինակով։
«Երբ որ պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաների ձեռքբերման խնդիր կար, պարզվեց` շուկայում մեքենաների դեֆիցիտ կա, և մենք շատ մեծ բարդությունների առաջ ենք կանգնում։ Մեքենաների, չիպերի, ամեն ինչի դեֆիցիտ կա, և որպես հետևանք` գներն աճում են»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 29–ին առցանց ասուլիսում ասել էր, որ ամիսներ առաջ երկնիշ տնտեսական աճի մասին իր հայտարարությունն իրականում ավելի լավատեսական է եղել, քան այն, ինչ ունեցանք տարեվերջին, քանի որ ինքը նման բարձր գնաճ չէր կանխատեսել։
«Այն ժամանակ շատ բարդ էր հասկանալ, որ պահանջարկի վերականգնումը կառաջացնի այսպիսի ահռելի բարձր գնաճ, և դա էականորեն կրճատեց իրական աճը անվանական աճի նկատմամբ»,– ասել էր Քերոբյանը։
Ըստ նրա, եթե լիներ նորմալ գնաճ, երկրի տնտեսությունն ավելի մոտ կլիներ երկնիշ աճին, քան հիմա է։