Հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների արգելքը չի երկարաձգվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։

«Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին»,– տեղեկացնում է նախարարությունը։

Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։
Գերատեսչությունը շեշտում է` դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։
Հիշեցնենք` 2020թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ Հայաստանում սահմանվեց թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելք, որն ուժի մեջ մտավ 2021թ–ի հունվարի 1-ից։ Կես տարի անց ՀՀ կառավարությունը ևս վեց ամսով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Այս որոշման ժամկետն ավարտվում է 2022թ–ի հունվարի 1-ին։
Գնաճ, պետական պարտք, գիտության ֆինանսավորման աճ. 2021-ի տնտեսական Հայաստանի տարբեր կողմերը