ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Համաներման մասին Քննչական կոմիտեի ներկայացրած օրինագիծը հետ է կանչվել` լրամշակման նպատակով, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։
Օրինագիծով առաջարկվում էր համաներում շնորհել Արցախում մարտական գործողությունների այն մասնակիցներին, որոնք մեղադրվում են, կասկածվում են կամ արդեն դատապարտված են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը կատարած հանցագործության (ոչ ծանր) համար։ Օրինագիծը նախատեսում է նաև համաներում շնորհել այն անձանց, որոնք կատարել են կամ կասկածվում են 2020 թվականի նոյեմբերի 9–ից մինչև2021 թվականի մարտի 24–ն ընկած ժամանակահատվածում (երբ ռազմական դրությունը չեղարկվել է) ռազմական ծառայության դեմ հանցագործություն կատարելու մեջ։
«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառությունից հետ է կանչվել` լրամշակման նպատակով»,– պատասխանել են կառավարությունից։
Արդարադատության նախարարությունից խմբագրության խնդրանքին` ներկայացնել արդեն իսկ լրամշակված նախագիծը, պատասխանել են, որ այն Քննչական կոմիտե է ուղարկվել։ Իսկ ՔԿ–ում հայտնել են, որ նախագիծն արդեն իսկ հրապարակվել է «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» և ցանկացողները կարող են ծանոթանալ դրա հետ այնտեղ։
Սակայն անցնելով ներկայացված հղումով՝ հայտնվում ենք օրինագծի նախնական տարբերակում, որը հանրային քննարկման էր դրվել այս տարվա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 7-ը։
Ի դեպ, կայքում, որտեղ նախագիծը հրապարակվել է, որոշ քաղաքացիներ հանդես են եկել համաներման ենթակա անձանց շրջանակն ընդլայնելու կամ ևս մեկ համաներում հայտարարելու առաջարկով։ Արդյո՞ք այդ առաջարկն ընդունվել է, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ հայկական մամուլում պարբերաբար տեղեկություն է հայտնվում մեծ համաներում անցկացնելու և դատապարտյալների 1/3–ին ազատ արձակելու իշխանությունների մտադրության մասին։
Նշենք, որ վերջին անգամ Հայաստանում համաներում է հայտարարվել 2018 թվականին։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2888 կալանավորներից ազատ էին արձակվել 270–ը։ Պատժի կրման ժամկետը կրճատվել էր 396 դատապարտյալի (21,5%) համար։ Պատիժը կրելուց ազատվել էին 3850-ից 2720–ը (պատիժը ազատազրկման հետ կապված չի եղել)։ Քննչական կոմիտեն հետաքննության փուլում գտնվող 6140 քրեական գործից փակել էր ավելի քան 1000–ը։