Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակումը խելամիտ քայլ է. Զախարովա

Հայ–թուրքական սահման
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան տրամաբանական և խելամիտ քայլ է համարում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակումը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը և վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը», – նշել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու, այդ կարգավորման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին:
Անկարայում նկատել են` ինչպես է Բաքուն վերաբերվում Երևանի հետ հարաբերության կարգավորմանը
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
«Ռուբեն Ռուբինյանի կրթությունը, անցած ճանապարհն ու փորձառությունը բավարար են». Փաշինյան