ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում 18–ամյա տղա է դանակահարվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 02։50-ի սահմանում ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։
Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ դանակահարվածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 18-ամյա Նժդեհ Դ-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել են նրան։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։
Պարզվել է նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է։ Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։