Բյուջեի մուտքերը գերակատարվել են 146 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը նշեց, որ 2020թ-ի համեմատ այս տարվա բյուջեի եկամուտներն աճել են 200.5 մլրդ դրամով կամ 14.5 տոկոսով, իսկ 2019-ի համեմատ` 121.4 մլրդ-ով կամ 8.3 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2021թ–ի պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 146 մլրդ դրամով։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` կառավարության ղեկավարին զեկուցելով բյուջեի այդ հատվածի կատարման ցուցանիշները դեկտեմբերի 30-ի դրությամբ։
«2021թ–ի պետական բյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ։ Այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ–ով։ Այսինքն` մենք եկամտային հատվածը կատարել ենք 1 տրիլիոն 586 մլրդ դրամով»,– ասաց Բադասյանը նշելով, որ այսօր ևս ՊԵԿ–ն ակնկալում է մուտքեր։
ՊԵԿ–ում դեկտեմբերի 31-ին սահմանվել է հերթապահություն
2021թ–ի վերադարձի ցուցանիշները ՊԵԿ նախագահը «ռեկորդային» որակեց` հայտնելով, որ հարկ վճարողներին վերադարձվել է 182 մլրդ դրամ, հիմնականում` ԱԱՀ–ի գծով։ Այսօր նախատեսվում է ևս 3 մլրդ դրամի վերադարձ, որի արդյունքում տարվա ցուցանիշը կհասնի 185 մլրդ–ի։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ 2020թ–ի համեմատ այս տարվա բյուջեի եկամուտներն աճել են 200.5 մլրդ դրամով կամ 14.5 տոկոսով, իսկ 2019-ի համեմատ` 121.4 մլրդ–ով կամ 8.3 տոկոսով։