2021–ին մարդիկ ՀՀ ՄԻՊ–ի գրասենյակին ամենաշատը դիմել են անվտանգային հարցերով։ 2021 թվականի ամփոփիչ հարցազրույցում Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ դիմումները ստացել են հատկապես սահմանամերձ բնակավայրերից, որոնց հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են տեղակայվել ու խախտում են նրանց իրավունքները։
«Առանձին տեղերում ադրբեջանական զինվորականները տեսախցիկներով կարողանում են վերահսկել մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքը, անգամ տներն են կարողանում դիտարկել», – նշեց օմբուդսմանը։
Նա ներկայացրեց սահմանամերձ գյուղերի բնակիչների մտավախությունները և խնդիրները, պատմեց միջազգային ատյաններում տարվող աշխատանքների մասին։
Թաթոյանը պնդում է, որ ադրբեջանական խաղաղասիրությունը կեղծ է և շղարշ է միջազգային ատյանների համար։ Որպեսզի այդ շղարշը վերանա` հայկական կողմը, նրա խոսքով, պետք է ջանքեր գործադրի իրականությունը լիարժեք ներկայացնելու համար և ապացուցի, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը վտանգում է հայ բնակչության հիմնարար իրավունքները։
«Մի գրամ անգամ մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք», – ընդգծեց նա։
ՄԻՊ–ը նաև պատմեց վերջին ժամանակաշրջանում պաշտոնյաների հետ հարաբերություններից, ներկայացրեց առկա խնդիրները և խոսեց իր հետագա գործունեության մասին։ Առավել մանրամասն`տեսանյութում։