Արա Այվազյանը վերադառնում է, նա կհամագործակցի Ռուբեն Վարդանյանի հետ. «Հրապարակ»

Արա Այվազյան. Արխիվային լուսանկար
Արա Այվազյանը պարբերականի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել «Ամերիա» բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած և «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ, հայտնում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ ավելին՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։
Արա Այվազյանը պարբերականի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հետ, նրա հետ վերջին անգամ երեք օր առաջ է զրուցել։ Հարցին՝ Ռ․ Վարդանյանի մոտ աշխատանքի՞ եք անցել, պատասխանել է․ «Եթե որևէ բան լինի, կիմանաք»։
Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ մտնում է հայկական քաղաքականություն
Այվազյանը նաև տեղեկացրել է, որ ինքը բանկային համակարգի հետ առնչություններ չունի։ «Իսկ հնարավո՞ր է մտնեք քաղաքական դաշտ ու անդամակցեք «Ապրելու երկիր» կուսակցությանը» հարցին Այվազյանը դիվանագիտական պատասխան է տվել՝ կրկնելով, որ ինքը պարբերաբար հանդիպում, զրուցում է Ռուբեն Վարդանյանի հետ։ Նախկին տեղակալների մասով էլ հորդորել է նրանց դիմել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։