Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալված է

Իրավապահները՝ սպանության վայրում
Իր խանութ-սրահում սպանվել էր 63-ամյա Անահիտ Իսկանդարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Գյումրիի կենտրոնում` Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում դեկտեմբերի 28-ին 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։
Իրավապահները՝ սպանության վայրում
«Նա նույն օրը հայտնաբերվել է իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Շիրակի մարզի քննչական վարչությունում էլ վերջինս խոստովանական ցուցմունք է տվել»,– նշում են ոստիկանությունից։
Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12։30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:
Սպանություն Չարենցավանում. 64–ամյա կնոջ պարանոցի հատվածում կտրված վերք է եղել
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Հավելենք, որ Անահիտ Իսկանդարյանը 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրն էր։