«Էրեխեքից էլ ծխի հոտ չի գալիս». սահմանամերձ Բաղանիսի դպրոցը գազիֆիկացվել է. էլ ինչ է արվել

Բաղանիսի համայնքապետը Sputnik Արմենիային պատմել է 2021–ի ընթացքում իրականացված ծրագրերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս սահմանամերձ գյուղի դպրոցի դասարաններից այս տարի վերացել են փայտի վառարանները։ Ինչպես գյուղացիք են կատակով ասում` «էրեխեն, որ դպրոցից գալիս է, էլ վրիցը ծխի հոտ չի գալիս»։
Մասնագետները կաթսաներ են տեղադրում Բաղանիսի դպրոցում
Գյուղի դպրոցի վերջնական գազիֆիկացումն այս տարի է ավարտվել։ Համայնքապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց, թե էլ ինչ աշխատանքներ են կատարվել սահմանամերձ բնակավայրում։
«Գյուղում ջրի խնդիրն է բավականին լուրջ։ Այն վերջնական լուծելու համար խմելու ջրի խորքային հորերի տեղանքի ուսումնասիրում և հորատում ենք իրականացրել՝ Տավուշի մարզպետարանի և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ, բայց արդյունքը բավարար չի եղել»,–ասաց նա։
Բաղանիսում ջրատար խողովակի անցկացման աշխատանքներ
Բայց «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ տարվա ընթացքում մեկնարկել է արտաքին ցանցի շինարարությունը, որի միջոցով աղբյուրակապից գյուղի կարգավորիչ ջրամբարին միացում կտրվի։ Գյուղի հարակից անտառների աղբյուրներից ջուրը տեղ հասցնելու համար նոր դրենաժային համակարգ են կառուցելու։
«Արդյունքում վերջապես կանցնենք շուրջօրյա ջրամատակարարման»,–ուրախությամբ ասում է երիտասարդ գյուղապետն ու հավելում, որ ջրի ներքին ցանցը կառուցել են 2016–ին, մինչ այդ դա էլ չի եղել։
Շինարարը ճոճանակ է տեղադրում Բաղանիսում
Տարածվող տագնապային լուրերը` իրական և ոչ այնքան, չեն խանգարել բաղանիսցիներին համայնքի միջոցներով կատարել միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, մայթերի, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորման,սանիտարական մաքրման, պատմական հուշարձանների բարեկարգման աշխատանքներ:
Բաղանիսում արահետի շինարարության աշխատանքներ
«Բաղանիսի դիմացի «Թաղ» կոչվող ճանապարհի տուֆապատում ենք այս տարի իրականացրել` 700 գծամետր։ Տուֆով գեղեցիկ է, ապահով է, բացի դա, նման թեքության վրա ասֆալտը երկար կյանքի չի ունենա։ Տուֆապատումն իրականացվել է համայնքի ու պետության համագործակցությամբ` սուբվենցիոն ծրագրով»,–պատմում է Սահակյանը։
Ամենափոքրիկ սահմանապահների համար էլ լավ լուր կա։ ԱՄՆ-ի «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ Բաղանիսում 2019–ից գործող նորաբաց մանկապարտեզի ամառային թատրոնի և շենքի արտաքին տեսքի կոսմետիկ աշխատանքներ են իրականացվել:
Շինարարը ճանապարհային նշան է տեղադրում Բաղանիսում
Անդրադառնալով անկլավների մասին լուրերին` Սահակյանը նշում է` պետական ատյաններից, պատկան մարմիններից, անհատներից ոչ մեկը, անգամ այս տարածքից ընտրված պատգամավորները հիմնավոր ոչինչ չեն ասում անկլավների մասին լուրերից։ Բայց, չնայած դրան, համայնքապետի խոսքով` մարդիկ Բաղանիսում ամուր կառչած են իրենց տանն ու հողին, շարունակում են շենացնել գյուղը, այստեղ մնալ–ապրելու են տրամադրված և զիջելու ոչինչ չունեն։