ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է դեկտեմբերի 30-ին հեռախոսային բանակցություններ վարել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN–ը՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնին։
Նրա խոսքով՝ հեռախոսակապի առաջարկն արել է ՌԴ նախագահը։ Բայդենն ընդունել է առաջարկը, քանի որ կարծում է` Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը։
Նշվում է, որ զրույցը նախատեսված է տեղական ժամանակով 15.30-ին (Մոսկվայի ժամանակով` 23.30)։ Բայդենը մտադիր է Պուտինի հետ քննարկել մի շարք թեմաներ, այդ թվում՝ հունվարի 10-ին սպասվող ամերիկա-ռուսական բանակցությունները, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և ԵԱՀԿ հարթակում կայանալիք հանդիպումը։
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է ծրագրված հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։