Անտառի գեղեցկուհին․ ինչպես Էմման դարձավ Հայաստանի առաջին ու միակ կին անտառապետը

Էմմա Գասպարյան
Լոռու մարզն աչքի է ընկնում ոչ կանացի համարվող մասնագիտություններում կանանց գրաված բարձր դիրքով։ Ունեն կին ոստիկանապետ ու անտառապետ։ Sputnik Արմենիայի թիմն այցելել է Մարգահովիտ և ծանոթացել Հայաստանի առաջին ու առայժմ միակ կին անտառապետի հետ։
Sputnik
Վաղ առավոտյան Էմման արդեն մեքենայի ղեկին է`անտառ է շտապում։ Անկախ եղանակից ու տրամադրությունից՝ օրվա սկիզբն անփոփոխ է։ Արդեն 3 տարի է, ինչ Էմմա Գասպարյանը ղեկավարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարգահովիտի անտառպետությունը։ Կապուտաչյա գեղեցկուհին Հայաստանի առաջին ու առայժմ միակ կին անտառապետն է։
Էմմա Գասպարյանն անտառապահների հետ
Մարգահովիտ (նախկինում՝ Համզաչիման, նաև Բոզիգյուղ) գյուղը գտնվում է Փամբակի և Հալաբի լեռնաշղթաների միջև. որ կողմ ուզում ես նայիր՝ խիտ անտառներ են։ Երևանյան օդին սովոր թոքերս առաջին րոպեներին, թվում է, չեն հասցնի թթվածնի ծավալը մարսել։ Մարգահովիտ գյուղի անտառտնտեսությունը կազմում է մոտ 4000 հա տարածք, որից 3200-ն անտառածածկ է։
1 / 7

Մարգահովիտի անտառները

2 / 7

Մարգահովիտի անտառները

3 / 7

Մարգահովիտի անտառները

4 / 7

Մարգահովիտի անտառները

5 / 7

Մարգահովիտի անտառները

6 / 7

Մարգահովիտի անտառները

7 / 7

Մարգահովիտի անտառները

«Մնացածը` դեռ ոչ»,-«դեռ» բառը հատուկ շեշտելով ասում է Էմման ու նշում՝ մինչև 2050 թվականը ծառատնկումներ են արվելու, տնկարաններ ունեն, որտեղ տարբեր ծառատեսակներ են աճեցնում. իրենց սիրուն անտառներն ավելի խիտ ու հարուստ են դառնալու։
Էմմա Գասպարյան
–Սովոր չենք կին անտառապետ տեսնել, կնոջ համար դժվա՞ր չէ այս աշխատանքը։
Էմման մեղմ ժպտում է, փոխարենը կողքին կանգնած տղամարդ անտառապահներն են շտապում պատասխանել․
«Ո՞վ է ասել, թե կնոջ գործ չէ։ Մեր Գուգարքի միլպետն էլ է կին, քույրիկ ջան, գիտե՞ս` ինչ լավ է իր գործն անում»։
Գուգարքի անտառտնտեսության անտառապահներ
Լոռվա անտառներն Էմմային մանկուց են ձգել։ Հայրը՝ Ժորա Գասպարյանը, 20 տարի անտառապետ է եղել, բայց 3 դուստրերից միայն միջնեկին՝ Էմմային է հետաքրքրել հայրիկի աշխատանքը. նրա հետ անտառ է գնացել, ճանաչել ու սիրել բնությունը։ Բայց այն, որ օրերից մի օր Էմման ոչ թե բժիշկ կամ երաժիշտ, այլ անտառապետ է դառնալու, ծնողների մտքով անգամ չէր անցնում։
1 / 3

Էմմա Գասպարյանն ու Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը

2 / 3

Էմմա Գասպարյանը անտառապահներից մեկի հետ

3 / 3

Էմմա Գասպարյանը

Երկար տարիներ Վանաձորում աշխատել է առաջին մասնագիտությամբ՝ դեղագործ։ Շեշտում է՝ շատ է սիրել իր աշխատանքը, մարդկանց ցավերը մեղմացնող, բժշկող դեղերի պատրաստումը։ Մինչև հիմա էլ հարևան, բարեկամ, հեռու-մոտիկ ծանոթներ տարբեր գանգատների դեպքում Էմմային են դիմում՝ խնդրելով ճիշտ դեղորայքի խորհուրդ տալ։ Բայց 2004 թվականին որոշեց փոխել աշխատանքը, ագրարային արտադրության տնտեսագետի ու կառավարչի որակավորում ստացավ, աշխատանքի անցավ անտառտնտեսությունում։ 2019-ի հունվարից էլ անտառապետ է։
Հրուշակագործության թագուհին․ ինչպես Իսկուհին դարձավ չեմպիոն և համաշխարհային ժյուրիի անդամ
Սկզբում հայրիկի խորհուրդներով էր շարժվում, հիմա արդեն իր գործի գիտակն է։
«Ինքն ինձնից էլ լավ է գործն անում։ Մեր անտառապահները շատ փորձառու են, ամեն մեկը 20-22 տարի աշխատած, պատահական մարդ չկա, ու մեր անտառապահներն իր օրոք ավելի լավ են աշխատում, իրեն հարգելով՝ իր խոսքը լսում, կատարում են, իմ ասածները մեկ-մեկ լավ չէին ընդունում, զիջում էի անում»,- ասում է հայրը՝ Ժորա Գասպարյանը։
Էմման բառիս բուն իմաստով` անտառապահների աչքի առաջ է մեծացել։ Երբեմնի փոքրիկ աղջնակն այսօր իրենց ղեկավարն է։ Քրոջ, դստեր նման բարի է, բայց և կրկնակի խստապահանջ։ Ասում է՝ հորից ու պապից է սովորել միաժամանակ լինել բարի ու խիստ։
Էմմա Գասպարյանն ու Գուգարքի անտառտնտեսության անտառապահները
«Ժողովուրդը հարգում, սիրում է իրեն, դա շատ կարևոր է»,- իր գործը շարունակող դստեր մասին հպարտությամբ ասում է հայրը։
Էմմա Գասպարյանի հայրը Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանին պատմում է դստեր մասին
Ասում են՝ այսօր անտառապետի գործը վտանգավոր չէ, ինչը չես ասի մութ ու ցուրտ տարիների մասին։ 90-ականների ցուրտ ձմեռներին մարդկանց ապրել էր պետք, բայց անտառները շատ տուժեցին։ Իսկ հիմա անտառագողության դեպքեր գոնե իրենց գյուղում չեն լինում։ Բայց դա նաև նրանից է, որ Էմման երբեք չի կորցնում զգոնությունը. անգամ գիշերային ժամերին եթե անտառում հանկարծ լույս նկատեց, առանց վարանելու մեքենան դեպի անտառ է շրջում։
Էմմա Գասպարյան
Մայրաքաղաքում տարբեր ոլորտներում աշխատելու առաջարկներ շատ է ստացել, բայց միշտ էլ մերժել է, քանի որ շատ սիրում է գյուղի կյանքը, գյուղոլորտի աշխատանքը։ Հայաստանի միակ կին անտառապետը վստահ է՝ երկիրն ավելի արագ ոտքի կկանգնի ու կզարգանա, եթե կարող ձեռքերը ոչ թե միշտ գյուղից քաղաք շտապեն, այլ փորձեն տեղում՝ իրենց հարազատ բնակավայրում պահպանել եղածն ու փոփոխություններ բերել։