ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ստացել է «Առաջին հնգյակի» մրցանակը: Մրցանակը տարվա արդյունքներով շնորհվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զախարյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ), ՌՊԼ-ի, ֆուտբոլային ակումբների ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի հավաքական թիմերի մարզիչների, փորձագետների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում 445 միավոր է հավաքել:
«Ինձ հաջողվեց պրոֆեսիոնալ խաղացող դառնալ ֆուտբոլի հանդեպ սիրո շնորհիվ։ Դրա համար ստիպված էի զոհաբերությունների գնալ, օրինակ՝ տեղափոխվել։ Չեմ ուզում կանգ առնել ու ավելին անել, որ այդ պարգևը միակը չդառնա։ Կարիերայի ամենաարժեքավոր խորհո՞ւրդը: Հայրս ինձ միշտ ասել է ինչ-որ բան անելուց առաջ գլխով մտածել», - լրագրողներին ասել է Զախարյանը։
Մրցանակը Արսեն Զախարյանին հանձնել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը:
Ֆուտբոլիստը հայկական տարազով է դուրս եկել մրցանակ ստանալու՝ խոստովանելով, որ առաջին անգամ է տարազը հագնում։
«Ես սկզբում նույնիսկ չգիտեի, բայց հետո ինձ բացատրեցին։ Պարզվեց, որ այդ հայկական ազգային զգեստը 200 տարի առաջ են հորինել։ Հիանալի ստացվեց», - ասել է ֆուտբոլիստը պարգևատրման արարողությունից հետո։
Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում «Դինամոյում» 17 խաղ է անցկացրել, որոնց ընթացքում չորս գնդակ է խփել ու 7 արդյունավետ փոխանցում կատարել: Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։