ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել էր, որ գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական առաջարկը, ինչպես նաև դաշինքի չընդլայնման հարցը։
Ըստ AFP-ի՝ հունվարի 10-ին Մոսկվան ու Վաշինգտոնը բանակցություններ կանցկացնեն՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանն ու սպառազինությունների վերահսկմանը, իսկ հունվարի 13-ին ծրագրված է Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի (որի մեջ մտնում է նաև ԱՄՆ-ն) ներկայացուցիչների հանդիպումը:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կարող են կայանալ հունվարի 10-ին, իսկ ՆԱՏՕ-ի հետ` հունվարի 12-ին, սակայն նա նշել է, որ ապագա խորհրդակցությունների բոլոր ասպեկտների վերաբերյալ վերջնական և ամբողջական պայմանավորվածություն դեռևս չկա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի համաձայնագրի նախագծեր էր հրապարակել, որոնցում մասնավորապես ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին դրույթները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը հրապարակել է անվտանգության համաձայնագրերի նախագծերը, որպեսզի բացառի լրատվական մանիպուլյացիաները: