ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Չպատվաստված աշխատակիցների` շաբաթը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ գործատուին ներկայացնելու պահանջի հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու. ընդամենն իրավական ակտում պետք է չնշվի, թե ում հաշվին է դա արվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանն, անդրադառնալով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան (դեկտեմբերի 1–ից` շաբաթը մեկ անգամ)։ «Հայաստան» դաշինքը ՍԴ–ում վիճարկել էր այս որոշումը, և այնհակասահմանադրական ճանաչեց Ավանեսյանի այն հրամանը, ըստ որի` չպատվաստված աշխատողները «իրենց հաշվին» պետք է ՊՇՌ թեստ հանձնեն։
«Հիմա խնդիր, որպես այդպիսին, չկա, որին պետք է լուծում տրվի. ընդամենն իրավաբանական բանավեճ կա մասնագիտական տիրույթում։ Մի կողմից կա նախարարի հրաման, ըստ որի աշխատողը պետք է իր հաշվին ՊՇՌ թեստավորում անի, մյուս կողմից` ՍԴ որոշում, որն էլ ասում է` հակասահմանադրական է իր հաշվին դա անելը։ Այստեղ պարզապես մեկնաբանման խնդիր կա»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` քաղաքացին վարկային միջոցներով է թեստավորվում, հարևանից է պարտք վերցնում թե բարերարի կամ էլ գործատուի միջոցներով է անում` իր գործն է.այսինքն` քաղաքացին ազատ է որոշելու, թե ում հաշվին պետք է դա անի։
Հարցին, թե արդյոք գործատուն պատրաստ է իր հաշվին ապահովել աշխատակիցների ՊՇՌ թեստավորման գործընթացը, և նախարարությունը գործատուներից բողոքներ չի՞ ստացել այս առնչությամբ` փոխնախարարը պատասխանեց, որ բողոքներ չկան, քանի որ ոչ ոք չի պատադրում, որ գործատուն իր հաշվին դա անի։
Սիմոնյանը հավելեց` կան գործատուներ, որոնք այդ բեռը մասամբ կամ ամբողջությամբ իրենց վրա են վերցրել, իսկ որոշ գործատուներ էլ որպես խրախուսման մեխանիզմ են օգտագործում իրենց կողմից անվճար թեստավորման գործընթացը։
Նկատառմանը, թե կլինի՞ նոր հրաման ստեղծված իրավիճակում հստակություն մտցնելու համար, Սիմոնյանն արձագանքեց, որ ոչ, քանի որ գործող հրամանը սահմանադրական է։
«Բոլորի կողմից շատ բացասական է ընդունվում թեստավորման գործընթացը, սակայն պետք է մի պարզ բան հասկանալ` մեր նպատակը ոչ թե մարդկանց թեստավորման տանելն է, այլ պատվաստման։ Պատվաստումները փրկում են կյանքեր, կանխում են վարակի տարածումը, իսկ թեստավորումներն ընդամենը ռիսկերն են նվազեցնում, ինչ–որ չափով էլ անհարմարություններ ստեղծում քաղաքացիների համար, որպեսզի նրանք գնան պատվաստվեն»,–ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ պատվաստման միջոցով էլ բոլոր խնդիրները` ֆինանսական, ժամանակի ծախս, լուծվում են։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ առողջապահության նախարարության հաղթանակն է և այսպիսով ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (բայց ոչ իրենց հաշվին), կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։