ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Իտալիայում 53 տարեկան հասակում մահացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի եղբայր Ուգո Էրնան Մարադոնան: Տեղեկությունը հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ենթադրվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի կանգը, սակայն սա դեռ նախնական վարկած է։
Ուգո Մարադոնան մահացել է Նեապոլում գտնվող իր տանը։
Ուգոն, ինչպես իր հայտնի եղբայրը, ողջ կյանքը նվիրել է ֆուտբոլին։ «Նապոլիի» հետ առաջին պայմանագիրը նա կնքել է 18 տարեկանում։ Խաղացել է Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ճապոնիայի և Կանադայի ակումբներում, հանդես է եկել Արգենտինայի պատանեկան հավաքականում։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան մահացավ 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Դիահերձումը ցույց տվեց, որ ֆուտբոլիստի մահվան պատճառը թոքերի սուր այտուցն է եղել։