ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ճանաչվել է 2021–ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը և հավելում, որ այսօր է ֆեդերացին ամփոփել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները:
«Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ իսպանական «Կադիսը» Facebook–ի իր պաշտոնական էջում շնորհավորել է իր պաշտպանին` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։ «Շնորհավոր, Վատո»,–հայատառ գրել են նրանք կից նկարում։
Նշենք, որ այսօր ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Նա երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այդ կոչմանը: