ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:
Նշվում է, որ համայնքի ղեկավարը տեղեկացել է, որ ՀՀ–ում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել։
Քանի որ ընկերություններին պետք էր կնքել հողի վարձակալության պայմանագիր, ուստի համայնքի ավագանու որոշումների հիման վրա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս աճուրդով վաճառել է իր կնոջը: Վերջինս, ստանալով նշված հողամասերի սեփականության իրավունքի վկայականները, դրանք տվել է վարձակալության վերոնշյալ ընկերություններին՝ տարեկան 480000 և 720000 ՀՀ դրամ վարձավճարով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է: