Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. միջնորդությունը մերժվեց

Դավիթ Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու` քննիչի որոշումը Տոնոյանի պաշտպանները կբողոքարկեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Հայտնել էինք, որ երեկ` դեկտեմբերի 27–ին, Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին։

«Քննիչը, ինչպես և սպասելի էր, մերժեց Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր միջնորդությունը»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ քննիչի այս որոշումը կբողոքարկեն դատախազին։
«Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. նա ձերբակալված է
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննական մարմինը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։