Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Առուշ Առուշանյանի պաշտպանները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել իրենց վստահորդի խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ և 30 մլն դրամ գրավով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, որոշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Դատարանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչ հիմնավորմամբ մերժեց։ Դատավորի դեմքին գույն չկար, ակնհայտ է, որ իշխանությունները «վախը բռնել էին»,- ասաց Մելքոնյանը։
Դատական նիստը կվերսկսվի ժամը 14.30-ին։
«Ազատություն Առուշանյանին ու Փարամազյանին». կալանքից ազատված պատգամավորը երդվեց ԱԺ-ում
Նշենք, որ Առուշ Առուշանյանի պաշտպանները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել իրենց վստահորդի խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ և 30 մլն դրամ գրավով։
Նախորդ` նոյեմբերի 29-ի դատական նիստում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը հայտարարել էր, որ հոգեպես ճնշված լինելու հանգամանքով պայմանավորված՝ սուտ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։