Արման Հակոբյանն Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել

Արման Հակոբյան. Արխիվային լուսանկար
Մինչ այս Հակոբյանը դեսպան է եղել Բոլիվիայում, Կոլումբիայում և Բրազիլիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը Իսրայելի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նստավայրը կլինի Թել Ավիվում։
Արման Հակոբյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Բոլիվիայում, Կոլումբիայում և Բրազիլիայում, իսկ Կանադայում` գործերի հավատարմատար։
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, պորտուգալերեն լեզուներին։
Իսրայելն ու Ադրբեջանը անվտանգության ուժերի վարժանքներ են անցկացրել
Նա նաև բանասիրական գիտությունների թեկնածու է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Իսրայելի պետությունից հետ էր կանչել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։ Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018թ-ին։
Արմեն Սմբատյանի 2021 թվականի ապրիլի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Սմբատյանի կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի` Հասմիկ Պողոսյանի, թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել: