Աղբավայրի կառուցման ժամկետները փոխվել են. նոր քաղաքապետը նոր ժամկետներ նշեց

Ծրագրի շրջանակում, նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ, պլանավորվում է փակել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հույս ունի 2022 թվականի փետրվար ամսին ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբավայր կառուցելու համաձայնագիր ստորագրել։
Ավագանու արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նշենք, որ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում նոր աղբավայրը կառուցվելու է Նուբարաշենի աղբավայրին կից։ Համաձայնագիրն էլ պետք է ստորագրվեր 2021 թվականի աշնանը։
ՀՀ–ում առաջին սանիտարական աղբավայրը կառուցվում է. Պապիկյանը ծանոթացել է աշխատանքներին
«Մրցույթն արդեն մոտենում է վերջնական փուլին, և իմ կարծիքով փետրվարին պայմանագիր կստորագրվի։ Այդպիսով հնարավորություն կլինի Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը փակելու, ինչպես նաև նորը կառուցելու»,– նշեց քաղաքապետը։
Նրա խոսքով` ավարտվել է «Նոր բարեկարգում» ՓԲԸ–ի գործունեության վերաբերյալ «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը։ ՓԲԸ-ն լուծարվեց ավագանու անդամների 39 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
«Նոր բարեկարգում» ընկերության բիոգազի հավաքման և այրման կայանը Երևանի քաղաքապետարանը կշարունակի օգտագործել, այն անհատույց օգտագործման կտրամադրվի «Նոր աղբավայր» ՓԲԸ–ին։ Տվյալ ընկերությունը սպասարկելու է 1 նոր աղբավայրը և կիրականացնի 2 հին աղբավայրերի փակումը։
Նոր աղբավայրեր կհայտնվեն Երևանի մոտակայքում և ՀՀ մարզերում
«Ընկերությունը 6-7 տարի առաջ իրականացրել է ջերմոցային տնտեսության սպասարկումը։ Վերջին տարիներին այն գործուներությունն իրականացրել է Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում, որտեղ կա բիոգազի հավաքման և այրման կայան»,– նշեց Սագսյանը։
Նշենք, որ նախատեսվում է նոր աղբավայրը կառուցել երկու տարվա ընթացքում։ Նախագծի արժեքը 26 միլիոն եվրո է, որից 8 միլիոնը որպես վարկ կտրամադրի Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, 8 միլիոնը՝ Եվրոպական ներդրումային բանկը, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ ԵՄ-ն, 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի Արևելյան Եվրոպայի գործընկերությունից (E5P)։