ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով:
Այս մասին հայտնել է «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը, որին ընդունել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը։
ԱԺ փոխնախագահը նաև կարևորել է ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը:
Խոսելով նաև «ՀայՓոստի» հետ համագործակցության մասին` ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղի հետ։
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության ու «ՀայՓոստի» միջև։
Նշենք, որ «Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 27-ին Բակալաչուկը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ողջունել է ընկերության ծրագրերը։ ՀՀ վարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը: